March 12

Հովհաննես Թումանյան. Գելը (շարնակություն)

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,— բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, երբ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Էդ ժամանակ, ասում են, գելերը իրենք էլ են իրարից վախենում։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են։ Մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ամպոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է— չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում էր․ մի տարի թակարդ էի սարել։ Առավոտը վաղ վեր կացա գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ հա հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում— ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սառույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բարձր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

5Գելը ոչ մի բանից էնպես չի վախենալ, ինչպես կրակից, առաջինը խոսեց իմ տանտերը, քեռի Անդրիասը։

Մեր կողմերը, դե գիտեք, որ գել շատ կա։ Էնպես տեղ ունենք, որ հենց գիլի բուն է, որ կա։ Մի մեծ ծմակ ունենք, Մոտկորա ծմակ ենք ասում։ Էդ ծմակումը մի թալա (անտառումը բաց տեղ, բացատ) կա։ Էդ թալումը էնքան գել կա, որ անունը դրել են Գիլի թալա։

Մի ձմեռնամուտ իրիկուն սարի գոմերիցը տուն եմ գալի։ Հակառակին էլ էս Ստեփան տղես էլ հետս է, ինը-տասը տարեկան երեխա է։ Որ եկանք էդ թալի դիմացը, մի շան ձեն ընկավ ականջովս։ Ասի՝ ով գիտի ոչխար են բերել էս կողմերը, չոբանի շունն է հաչում։ Ձեն տվի․

— Ա՜յ չոբան, հե՜յ․․․

Էս ձեն տալն էր, էլի։

Շան հաչոցը կտրեց ու, ձեզ մատաղ, մին էլ էն տեսնեմ՝ էդ ծմակիցը գիլի տուտը բաց էլավ, ռեխները բաց արած գալիս են, ո՜նց են գալիս, աչքերս սևացան․․․

Դու մի՛ ասիլ, հաչողը գել է եղել։ Ախր չէ որ գելն ոռնում է, բայց շանից հաչել է սովորում ու շատ անգամ էլ հաչում է։

Ձեռիս թվանք կա, միայն լավ գիտեմ, որ գիլի բոլուկի (ոհմակի) վրա թվանք չեն գցիլ․ թվանք գցես թե չէ՝ ավելի կատաղի վրա կտան։

Երեխեն թե՝ ապի, էն ի՞նչ են։

Ասի՝ վախիլ մի՛, քեզ մատաղ, ղոչաղ կաց։ Արի օգնի էս խաշամն (չոր տերևը) ու չոր ճյուղերը հավաքենք։ Չորս կողմից խաշամն ու չոր ճյուղերը ձեռաց կիտեցի ու կրակ տվի, բոցը ծուլ էլավ։ Մոտկորա ծմակը լիքը փետ։ Մինչև սրանց հասնելը վրա տվի, թեժ արի․ բոցն էլավ ծառերի ծերը։

Սրանք եկել են, ի՜նչքան են եկել, չորս կողմներս կտրել են, հեռու կանգնոտել ժնգժնգում են ու ատամները չխկչխկացնում։ Աչքները ծմակի մթան մեջ քուքուրթի (ծծումբի) բոցի նման ջուխտ-ջուխտ վառվում են։ Մարդ մտիկ անելիս զարզանդում է։

Երեխեն կպել է փեշիցս ու լաց է լինում։

— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, ես էստեղ եմ․․․ լաց մի՛ ըլի, որ լաց ըլես— կգան մեզ կուտեն․․․

Երեխեն ձենը փորն է գցել ու փեշիցս կպած դողում է, ո՜նց է դողում․․․

Տեր աստված, ասում եմ, դու ազատես էս նեղ տեղիցը։ Ի՞նչ անեմ։ Հույսս դրել եմ կրակի վրա։ Էն էլ փետը հատնում է, երեխեն էլ փեշիցս պինդ բռնել է, թողնում չի մի քիչ հեռանամ, փետ բերեմ՝ կրակին վրա տամ։

Մոտիկ մի ցցչորի ծառ կար։ Կրակը բոթեցի սրա տակը, սրա կողքին էլ մի կտրած ծառի չոր բլուլ (կատար) կար, էն էլ քաշեցի վրեն, թեժացավ, ոնց թեժացավ, կարմիր լուսն ընկել է ամբողջ ձորը։

Դիմացի սարիցը չոբանները նկատում են, որ, ախպեր, էս ձորումը, էս ժամանակին, էս ի՞նչ կրակ պետք է լինի, որ քիչ է մնում ծմակը կրակի։

Մտածում են, մտածում ու ձեն են տալի։

Ականջ դնեմ, որ էս մեր Շամիրի ձենն է։

Ուրախանաք, ինչ որ մենք ուրախացանք։

Ձեն տվի․

— Շամիր, հե՜յ․․․ գիլի բոլուկ է․ չորս կողմս կտրել են․․․ երեխեն հետս է․․․ օգնեցեք, հե՜յ․․․

Հենց էս կանչելն էր։ Մի քանի չոբան իրար հետ ձեն տվին.  — Վախիլ մի՛ք, վախիլ մի՛ք, գալիս ենք, հե՜յ․․․

Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին կանչում։

— Թոբլան, հե՜յ, Ղայթար, հե՜յ, Չամբար, հե՜յ, Չալակ, հե՜յ․․․

Շների կլանչոցը վեր էլավ ու մտավ ձորը։

Էստեղ երեխեն նորից սկսեց հեկեկալ ու լաց ըլիլ։

— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, հրես կգան։

— Տղե՛ք, էս մեր Շամրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ։ Մին էլ տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց։ Սրա ետևից մնացած շները, շների ետևից կրնկակոխ չոբանները։ Չոբանների ղչըրղուն ու շների հաչոցը ծմակը դրմբացնում է։ Մին էլ Ստեփանս թե՝ «Ապի, գելերը փախչում են»։

Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաջն ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից։

Էլ գելն ո՞վ կտա։ Ծմակի մթնումը կորան, գնացին։

Տղեքն եկան։

— Ա՛յ տղա, էս ի՞նչ բան էր։

— Բանն էլ որն է, ձեր տունը չքանդվի, հապա էսպես, էսպես․․․

Էստեղից վեր կացանք գնացինք չոբանների մոտ, մինչև լուսացավ, առավոտը խմբով եկանք տուն։

Էս բանն, ախպեր, իմ գլուխն եկավ։ Կրակը մեզ ազատեց,— վերջացրեց խոսքը քեռի Անդրիասը։

March 12

Հովհաննես Թումանյան. Գելը (հատված)

Մի հացապակաս տարի վեր կացանք ես, դամքաշ (զուռնի ձեն պահող) Ակոփն ու դհոլչի (թմբկահար) Դավիթը մեր զուռնադհոլը վեր կալանք, ասինք գնանք Շորագյալա գեղերը հարսանիքներ անենք, հացահատիկ հավաքենք բերենք ձմեռը կառավարվենք։
Դե գիտեք էլի, որ Շորագյալա հացը համ լավն է լինում, համ առատ, իսկ մեզանում, սարերում, սակավ է լինում, եղածն էլ շատ անգամ կարկուտը տանում է։
Գնացինք զուռնա ածելով, հարսանիք անելով գեղեգեղ ման եկանք։ Բավական ցորեն-գարի հավաքեցինք, մի ծանոթի պահ տվինք, մենք ետ ճամփա ընկանք դեպի մեր տներր։
Գիտեմ ոչ, Շորագյալ եղել եք, թե չէ, Հոռոմ անունով մի գեղ կա․ էդ գեղիցը դուրս ենք եկել գալիս ենք դեպի Արթիկ։ Եկանք, ճամփին մութն ընկավ։ Ծնկահար ձյուն․ ցուրտն էլ հո թրի նման մարդի երես է կտրատում։ Ճամփեն էլ լավ չգիտենք։ Գնա, թե պետք է հասնես Արթիկ։
Էս մեր Դավիթն առաջին էր գնում։ Մին էլ, թե՝ տղերք, եկեք, որ գեղը գտել եմ։
— Այ տղա, ո՞ւր է։
— Թե՝ հրեն ճրագները երևում են։
Մտիկ տանք տեսնենք, ճշմարիտ որ, հեռվում շատ ճրագներ են երևում։ Միայն ես նկատում եմ, որ էս ճրագները ժաժ են գալի, դես-դեն են գնում։
Ասի՝ տղեք։
Թե՝ ինչ է։
Ասի՝ էս գեղ չի։ Մին, որ ձմեռը սրանց գեղերի տների դուռն ու կտուրը փակ, ճրագները չեն երևալ, մին էլ որ՝ էս ճրագները որ տեսնում եք՝ ման են գալի։
Թե՝ բա էս ի՞նչ են։ Ասի՝ գելեր են։ Գիլի բոլուկի (ոհմակի) բերան ենք ընկել, պատրաստվեցեք։ Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելը— էլ վախենում է, թե ինչ, մոտ չի գալի։ Զուռնա-դհոլը սարքեցե՛ք։ Էս խոսքումն ենք, տեսնենք ճրագները մոտենում են, մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ շրջապատէն։ Էնքա՜ն են, էնքան են, որ է՛լ հաշիվ չկա։
Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը՝ դը՛մբ հա դը՛մբ, կեսգիշերին էս վերանա դաշտումը ածում ե՜նք։ Զուռնա–դհոլի ձենը վեր ելավ թե չէ՝ էս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին իրենց տեղերը մեխված։
Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՜նչ ոռնոց։ Զուռնի հետ ձեն ձենի են տվել, ոռնում են։
— Վայ ծիծա՜ղ, — էս ու էն կողմից բացականչեցին գյուղացիք։– Ուստա Սարգիս, լավ է՝ ծիծաղներդ գալիս չէր։
— Այ տղա, ի՞նչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր․ դանակ տայիր՝ արյուն չէր կաթիլ։
— Ետո՞, ետո՞․․․
— Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ։ Մենք ածելով գալիս ենք, սրանք էլ չորս կողմներս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են։ Կարծես պար են գալիս։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ, էսպես գնալով գիշերվա մի ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու։ Էս հաչոցի վրա մի քանի շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս եկան։ Մարդկանց ձեները հասնում է մեզ։
Ուրախությունից զուոնա-դհողի ձենն ավելի զլեցինք։
Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում։ Վերջապես հասանք գեղին, սրանք ետ դառան, կորան։
Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան մնացին զարմացած։ Տեսնում են՝ երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա։
— Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են։
Ասում ենք հարսանքավորները– ետ դառան գնացին։ Չուզեցին ձեր գեղը մտնեն։
— Էդ ո՞վ էին որ․․․ — Գելերը
— Ո՞նց թե գելերը․․․
— Ախպեր, ասինք, պատմելու ժամանակը չի, ցրտատար կլանք, մեռնում ենք, մեզ մի տաք տուն տարեք, էնտեղ կպատմենք։
Տարան մի տաք օդա, բուխարին թեժ արին, հացը դրին առաջներս, գլխներիս հավաքվեցին էսպես, ինչպես որ մենք հավաքվել ենք, ու սկսեցինք պատմել։ Պատմում ենք ու ծիծաղում, պատմում ենք ու ծիծաղում։
Վերջն էլ իմանանք, որ էն գեղը չենք եկել, որտեղ գալիս էինք, ճամփեն կորցրել ենք, ընկել ենք Պարնի գեղ։